10.30.2013

Վանք

Մենք ճամփա ելանք առավոտ ծեգին...Դուրս գալով Երևանից հանդիպեցինք՝ աշնանային Կոտայքի և Գեղամա աշխարհի <<չոր ու ցամաք>> սարերին ու դաշտերին, որոնց հաջորդեցին Արցախ աշխարհի` գունեղ, սաղարթախիտ անտառների տակ կքած լեռներն ու բլուրները, որոնց արանքով` ուղղաձիգ ձորերերի հատակով, մեղմորեն, անաղմուկ հոսում էր Արցախի մայր գետը՝ Թարթառը: Շահումյանի շրջանն է: Առաջին անգամը չէ, որ գնում եմ այս ճանապարհով, սակայն զգացողությունները միշտ տարբեր են լինում: 
Հյուսիսից հարավ ձգվող ճանապարհի երկայնքով բնական անտառներ են տարածվում: Մարդու ներդրումը այստեղ այն է, որ թերևս չի միջամտել և խոչընդոտել ֆլորայի անսանձ տարածմանը: Շահումյանի շրջանում, որտեղով անցանք, մարդկանց գրեթե չհանդիպեցինք, այլ տեղ-տեղ կովեր նկատեցինք՝ ինչն էլ հուշում էր, որ մոտակայքում շեներ կան: Ճանապարհին հանդիպած բնակավայրերը դժվար էր անվանել գյուղեր: Տները ցաքուցրիվ, անկանոն և իրարից բավականին հեռու էին կառուցված, և յուրաքանչյուր տան տեր իրեն կարող է երևակայել ժամանակակից օլիգարխ… Ամեն մի տուն մի բլրի գագաթի էր կառուցված:
...Երբ մուտք ես գործում Վանք, տպավորություն է ստեղծվում, որ դու ապագա հայկական գյուղի տեսլականը պատկերող գյուղում ես: Գլխավոր փողոցը, որը  ձգվում է ամբողջ գյուղի երկայնքով, բավականին բարեկարգ է, իսկ  աջ կողմում մերօրյա գյուղերին ոչ բնորոշ գունագեղ և բարեկարգ շինություններ են՝ ոստիկանության  մասնաշենքը, գյուղի դպրոցը, մանկապարտեզը, որին հաջորդում է  հակասական զգացողություններ առաջացնող պաստառով բավականին մեծ մի խանութ, որի վրա <<էստի համեցեքի>> փոխարեն հայերենով և ռուսերենով գրված է, որ խանութը պատկանում է արցախյան պատերազմի մասնակցի: Եթե շարունակենք ճանապարհը, ապա տեսարանը շատ ավելի գրավիչ և հետաքրիր կդառնա:  Ճանապարհի երկայնքով ստեղծված կառույցներն( գազանանոց, հանգստյան տուն, ռեստորան և այլն) ու արձանները ներդաշնակվել են  բնության հետ, և  ստացվել է մեկը մյուսից գեղեցիկ և հետաքրքիր լուծումներով ստեղագործություն: Նշեմ, որ բացի գազանանոցից՝ մնացած շինությունները կա'մ պարիսպ չունեն, կա'մ էլ շրջափակված են բավականին ցածր պարիսպներով:
 Նախ վերջինիս մասին.Գրեթե այն ամենը ինչ շողում և փայլփլում է Վանքում՝ դրան անմիջական կապ և մասնակցություն ունի Լևոն Հայրապետյանը, որին տեղացիները պարզապես բարերար են կոչում: Բարերարի ջանքերի շնորհիվ են հայտնվել վերը թվարկված շինությունները իրենց՝ բավական գրավիչ և գեղեցիկ էքստերիերով ու ինտերիերով: Լ. Հայրապետյանը գյուղում շատ հազվադեպ է լինում՝ տարին մեկ անգամ, և ժամանում է ուղղաթիռով:
Վանքեցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ (ավելի ստույգ` հավաքչությամբ): Չնայած  նպաստավոր պայմաններ կան անասնապահության զարգացման համար, սակայն դրան զուգահեռ, երբ մեր կրթահամալիրի անխոնջ բարեկամ Ռազմիկի հետ փորձում էինք ճամաբարականներիս համար պանիր գնել՝ ոչ խանութներում, ոչ էլ առանձին բնակիչներից չկարողացանք ճարել:  Վանքեցիները անասունը պահում են միայն մորթի համար, իսկ հողագործությամբ գրեթե չեն զբաղվում: Դրանով կարելի բացատրել այն իրողությունը, որ ճամբարին անհրաժեշտ 20կգ.կարտոֆիլի ծավալը լրացնելու համար ստիպված եղանք գնել ոչ միայն  գյուղի  խանութներում առկա ողջ կարտոֆիլը, այլ նաև դիմել առանձին բնակիչների օգնության:
Վանքի տարիքային նկարագրի վրա բացասական է անդրադարձել երկու տարի առաջ փակված փայտամշակման գործարանը, ինչի պատճառով շուրջ 120 վանքեցիներ՝ հիմնականում երիտասարդներ մնացել են գործազուրկ և մեկնել Ռուսաստան՝ կամ արտագնա աշխատանքի, կամ էլ ընդհանրապես ընտանիքով լքել գյուղը:
Վանքի քիչ թե շատ աշխուժությունը ապահովում է <<Գանձասար>> տուրիստական գործակալությունը և Գանձասար վանք այցելող զբոսաշրջիները: Սակայն,եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ապա զբոսաշրջիների քանակը էականորեն կրճատվել է:
Չնայած,Արցախում ապրանքների գները երևանյանի  համեմա բարձր են  (որոշ ապրանքատեսակների դեպքում գրեթե 100 տոկոս), սակայն մեզ հետ ճամբարում գտնվող ստեփանակերտցիները և շուշեցիների դժգոհում էին Վանքի խանութներում վաճառվող ապրանքների թանկությունից:
Այդուամենայնիվ, չնայած դժվարություններին՝ Վանքը շատ հյուրասեր բնակիչներ ունի, որոնք հինգ օր շարունակ իրենց տանը հյուրընկալեցին մեր կրթահամալիրի սովորողներին՝ ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: 
Չեմ կարող առանձնահատուկ շնորհակալություն չհայտնել Ռազմիկ Հակոբյանին և նրա ընտանիքին: Խոսքեր չկան նկարագրելու այդ հոգատար և մարդկային ջերմ վերաբերմունքը, որը մեր նկատմամբ ցուցաբերվեց ողջ ճամբարի ընթացքում: 

Комментариев нет:

Отправить комментарий