6.04.2015

Երկու տիրոջ ծառա մը…


Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջոցառումները և այդ խնդրի շուրջ համազգային «Հիշում եմ և պահանջում» լոզունգի առաջացրած թմբիրը ժամանակավորապես ստվերել էին օրվա սոցիալական խնդիրները: ՀՀ իշխանության ջանքերով, այդ «թմբիրը» երկար չպահպանվեց: Առկա` հասարակական դժգոհություն առաջացնող երևույթներին, գումարվեց դարակազմիկ ևս երկու որոշում: Նախ ՀՀ կառավարությունը որոշեց, որ ՀՀ պետական բյուջեն կարելի է «լցնել» «խոպանչիների» վճարած հարկերի հաշվին, այնուհետև դրական արձագանքեց և քաջալերեց նորին մեծություն ռուսական կազմակերպության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:
Սույն վերլուծականով փորձ է արվում ներկայացնել «Եկամտահարկ»-ի և «Շահութահարկ»-ի մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, և դրա՝ գործնականում կիրառության դեպքում ակնկալվող հետևանքները: Նախապես նշեմ, որ խնդրո առարկա օրենքն ազգային ժողովում քննարկման է ներկայացվել մայիսի 6-ին: Մայիսի 7-ին, կողմ ձայների մեծամասնությամբ, օրենքների փաթեթը ԱԺ-ի կողմից երկրորդ և վերջնական ընթեցմամբ ընդունվեց: Այն առայժմ ուժի մեջ չէ, սակայն եթե հաշվի առնենք ՀՀ-ում իշխանական որոշումների կայացման մեխանիզմը, ապա ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս օրինագիծը ՀՀ նախագահի կողմից կստանա օրենքի ուժ:
Օրենսդրական փոփոխությունների մասին…
«Եկամտահարկ»-ի և «Շահութահարկ»-ի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը առնչվում է Հայաստանից դուրս` ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող և շինարարության ոլորտում աշխատող ՀՀ քաղաքացիներին: Օրենսդրական փոփոխության հիմնական «մեխը» ՌԴ-ի շինարարական ոլորտում աշխատող և ՀՀ հարկային ռեզիդենտ (Հայաստանյան գրանցում ունեցող գործատու և աշխատող) համարվող ֆիզիկական և իրավաբանական անձանց ՀՀ հարկային դաշտ ներգրավելն է: Հարկման մեխանիզմում կատարվելիք լրացումների մասին նախագծի առաջին մասը վերաբերվում է շահութահարկին: Օրենսդրական փոփոխությունից հետո Հայաստանի գրանցում ունեցող և ՌԴ-ում գործող ձեռնարկությունը ՀՀ պետական բյուջե կվճարի 5% շահութահարկ (համեմատության համար նշենք, որ ՌԴ-ում վճարվող շահութահարկը 20% է): Ենթադրվում է, որ պետական աջակցությամբ նվազեցված շահութահարկը կխթանի ռուսական շուկայում հայաստանյան կազմակերպությունների մատուցած շինարարական ծառայությունների սպառման աճին: Օրինագծի մյուս մասի` եկամտահարկի օրենքի համաձայն, ՌԴ-ում աշխատող քաղաքացին, իր ամսական եկամտից 13% եկամտահարկ կուղղի Հայաստանին (ՌԴ-ում եկամտահարկը կազմում է 13%): ՌԴ-ում նորմատիվ ակտով աշխատողները կստանան անվտանգության երաշխիքներ, աշխատանքային տարիների հաշվառման հնարավորություն, իսկ պետությանը օրենքների այս փաթեթը կբերի տրանսֆերտների առավել մեծ ծավալներ, հարկային նոր մուտքեր: Առաջին հայացքից թվում է` սույն օրենդրական նախաձեռնությունը ծառայելու է ի նպաստ թե՛ պետությանը, թե՛քաղաքացուն, սակայն մինչ օրս, օրենքի գործադրման մեխանիզմները հստակեցված չեն. նախ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի  օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ գործընկեր երկիրը` ՌԴ-ն, ում շահերը թեմայի շուրջ գործնականում հավասարապես շոշափվում են: Մինչ օրս միջպետական մասշտաբներով Հայաստանի և Ռուսաստանի միջև ոչ մի քննարկում չի եղել, և սա խնդրի ամենամեծ զավեշտն է: Տարօրինակ է, բայց Հայաստանը փորձում է համընդհանուր շահի բաշխման կանոն փոխել՝ առանց ՌԴ-ի դիրքորոշումը հաշվի առնելու: Խաղի կանոնները թելադրում է խաղի տերը, մասնակիցները իհարկե կարող են առաջարկություններ անել, սակայն միահեծան որոշումները կշիռ ունենալ չեն կարող: Մինչև հիմա ԵՏՄ-ում դոմինանտ դեր ունեցել  է Ռուսասանը, ում  շրջանցելը՝ կարծում եմ բարդ կլինի: Չի բացառվում, որ օրենքի նախագիծը այդպես էլ օրինագիծ մնա, եթե այն հավանության չարժանանա ՌԴ իշխանության կողմից:
Եթե «Շահութահարկ»-ի օրենքում փոփոխությունների լինել-չլինելը մեծամասամբ կախված է ՌԴ-ից, ապա «Եկամտահարկ»-ով Հայաստանը ազատ է անազատ դարձնելու ՀՀ բոլոր քաղաքացիներին: Կարծում եմ` գաղտնիք չէ, որ ՌԴ աշխատանքի մեկնած քաղաքացիների շատ քիչ տոկոսն է աշխատում օրինական գրանցմամբ, հետևաբար և հարկ ընդհանրապես չի վճարում: Օրինական գրանցում ունեցողներն էլ եկամտահարկ վճարում են ՌԴ-ին, և օրենքի վավերականությունից հետո, կա վտանգ, որ վերջիններս կկանգնեն կրկնահարկման բեռի տակ: Գուցե առաջ գան նորանոր դրույթներ ևս: Օրիանակ` պարտադիր դառնա աշխատողների լիցենզավորումը, որը կիրականացվի մոտավորապես այնպես, ինչպես ավտոմեքենաների ամենամյա տեխզննումը: Գուցե ստեղծվեն նաև միջնորդ կազմերպություններ, և ՌԴ աշխատանքի մեկնելու համար պարտադիր լինի նրանց «թղթի վրա» աշխատող լինելու կարգավիճակը: Արդյունքում կհորինվեն նոր, երկար ու անբովանդակ անուն ունեցող, միջնորդող կամ լիցենզավորող կազմակերպություններ, որոնք անպայմանորեն կպահանջեն ծառայության միջնորդավճարներ, միջնորդավճարներն էլ բնականաբար կներհոսեն ՀՀ պետական բյուջե, և այդ կազմակերպությունները կդադարեն գործել ՌԴ պետական սահմանը հատելուց հետո: Իրատեսական է: Եվ այսքանից հետո, անշառ ապրելու համար, չի մնա այլ բան անել, քան հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից. անարժեք է այն պետության քաղաքացիությունը, որն իր քաղաքացուն ավելի չի դասում, քան արտահանվող շինարարական ծառայություն: Կարծում եմ` արտագաղթի տեմպերի աճին անուղղակի նպաստող օրինագծեր և Հայաստանում ապրուստ չգտած մարդկանց թալանելու նոր հնարամիտ միջոցներ հորինելու փոխարեն, առավել արդյունավետ կլիներ, որ ՀՀ կառավարությունը իր այլընտրանքային գաղափարները ուղղեր տեղի աշխատաշուկան ընդլայնելուն: 

Շուկայական տնտեսական համակարգերում պետությունը ներգրավվում է տնտեսության մեջ այն ժամանակ, երբ ոլորտում դիտվում է լճացում: Անհասկանալի է` ինչու է պետությունը ընտրել հենց արտագնա շինարարության ոլորտը: Տարիներ շարունակ չօժանդակելով տնտեսության մնացած ոլորտներին, և արտագնա աշխատանքի մեկնողների տրանսֆերտների հաշվին տնտեսության իմիտացիա ստեղծող և պահող հայրենի իշխանությունները` ինքնաբերաբար արտագնա շինարարությունը դարձրել են առկա խնդիրների լուծման գործիք: Պետք է արձանագրել, որ մինչ այս աևտագնա աշխատանքի մեկնողների «բանակը» գործել է ինքնակազմակերպման և ինքնակառավարման սկզբունքնով, և առայժմ ունենցել է բավարար ներուժ՝ սպասարկել թե՛ հանրային, թե՛ մասնավոր շահին: Եզրակացությունը մեկն է. եկամուտների ձևավորման ավանդական ուղիներով պետական բյուջե լցնելը այլևս անհնար է դարձել, իսկ խնդրի լուծման այլնտրանքային աղբյուրների փնտրտուքին ուղղված կառավարության ջանքերը հիշեցնում են ծովում փրփուներից կառչած խողդվողի...

Комментариев нет:

Отправить комментарий