11.28.2013

Կեսաթոշակների կուտակային համակարգը

2011թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսեց գործել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի համաձայն ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կենսաթոշակային տարիքին հասնելուն պես, բացի իրենց հասնելիք կենսաթոշակից, լրացուցիչ կենսաթոշակ ստանալ, պարտավորվում են (ամսվա կտրվածքով) վճարել իրենց բազային եկամտի 5%-ը: 2014 թվականի հունվարի 1-ից, այս օրենքը պարտադիր է դառնալու 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր անձանց համար: Իսկ ինչ է իրենից ներկայացնում կուտակային կենսաթոշակային համակարգը: 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք, պարտավորվում են իրենց բազային եկամտի 5% վճարել պարտադիր կենսաթոշակային համակարգին` համապատասխան ֆոնդին, իսկ պետությունը պարտավորվում է վճարել նույն չափով (ընդ որում բարձր աշխատավարձի դեպքում պետությունը վճարում է, ոչ ավելին, քան 25000դրամ):
Ֆոնդում գումարներ ներդրվում են տարբեր աստիճանի ռիսկային գործարքներում, և որքան ռիսկային է գործարքը, այնքան մեծ է եկամուտը: Ստացվում է` քաղաքացիները կուտակում են իրենց ծերության կենսաթոշակը, իսկ պետությունը մինչև քաղաքացու կենսաթոշակային տարիքին հասնելը, օգտագործում է ֆոնդերի միջոցները` տնտեսության զարգացման համար: Նոր համակարգում աշխատողներին վճարվող աշխատավարձը չի փոխվում, այսինքն կուտակային կենսաթոշակային համակարգի համար գանձվող գումարը վճարում են գործատուները: Այժմ ՀՀ-ում գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգը, որի համաձայն քաղաքացիները իրենց ամենամսյա կենսաթոշակը ստանում են իրենց աշխատանքային տարիների (ստաժի) համաձայն: Կենսաթոշակը տրամադրվում է պետական բյուջեից, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում, քաղաքացիները ստանում են այնքան կենսաթոշակ, ինչքան վճարել են, ինչը չկա բաշխողական համակարգի դեպքում: Վերջինիս պայմաններում մարդը վարձատրվում է ըստ իր աշխատանքային ստաժի, հաշվի չի առնվում քաղաքացու վճարած եկամտահարկի չափը, հետևաբար նույն աշխատանքային ստաժը ունեցող մարդիկ, ոչ հավասար եկամտահարկ վճարելու դեպքում չեն կարող հավասար չափով կենսաթոշակ ստանալ: Առաջին հայացքից կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունները ակնհայտ են, սակայն նրանում անհամապատասխանությունները շատ են: Քանի որ խոսքը վերաբերվում է ապագային, չկա ոչ մի երաշխիք, որ տարիներ անց մարդկանց կուտակած միջոցները նույնքան արժեք կունենան, որքան այսօր: Տարիների ընթացքում փողի արժեզրկումը (ինֆլացիա) կպակասեցնի քաղաքացիների միջոցները, իսկ այդ դեպքում պետությունը պարտավորվում է վերադարձնել քաղաքացու կատարած վճարումները, և չնչին տոկոս այն լրացուցիչ գումարներից, որ վճարում էր պետությունը: Ազգային արժույթի փոփոխությունը բացառել նույնպես անհնար չէ: Բացի այդ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ժամանակ այդ 5% պահումը կատարվում էքաղաքացու բազային եկամուտից, ոչ իրական եկամուտից, հետևաբար պահվող գումարը ավելի մեծ է, քան իրականում պետք է լիներ:Այժմ աշխատողից հարկվում է բազային եկամտի 24.4%-ից մինչև 34% եկամտահարկ: Նոր համակարգով քաղաքացին վճարում է ոչ միայն իր աշխատավարձի չափով եկամտահարկ, այլ նաև պարտադիր կուտակային համակարգի գանձվող գումարը: Ստացվում է, որ քաղաքացուց հարկվում է իր բազային եկամտի 30-40%-ը, որը Հայաստանում ցածր աշխատավարձի պայմաններում աշխատողի համար շոշափելի գումար է կազմում: Դժվար թե, գործատուները աշխատողին վճարվող աշխատավարձը բարձրացնեն այնքան, որ տնօրինվող եկամուտը չփոխվի հարկումից հետո: Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգում, ՀՀ 1974 թվականից առաջ ծնված քաղաքացիները, ովքեր կամավոր ցանկանում են մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին, կարող են կուտակել իրենց ցանկացած չափով, բայց այս դեպքում պետությունը լրացուցիչ 5% չի վճարում: Համակարգը գործում է պարտադիր սկզբունքով, ինչը սխալ է: Արդյոք ճի՞շտ է ստիպել քաղաքացիներին վճարել մի բանի համար, ինչի ճակատագիրը անհայտ է, այն էլ Հայաստանի նման ոչ կայուն տնտեսություն ունեցող երկրում: Համակարգը պետք է գործի կամավոր սկզբունքով, առանց պարտադրանքի: Եթե այսօրվա քաղաքացին ունի այդ լրացուցիչ 5% գումարը, նա կարող է ավանդ ձևակերպել բանկում, և դրա դիմաց ստանալ եկամուտ` տարեկան տոկոսների ձևով, և ցանկացած ժամանակ օգտագործել այն իր հայեցողությամբ: Կուտակային կենսաթոշակային համակարգով գանձվող գումարը լրացուցիչ բեռ է, Հայաստանի քաղաքացիների ուսերին:

Комментариев нет:

Отправить комментарий