Դեկտեմբերի 17-ին գրեթե բոլոր արտարժույթների
նկատմամբ արձանագրվեց Հայաստանի ազգային արժույթի` դրամի, փոխարժեքի կտրուկ անկում: Արժույթի աննախադեպ անկումը
ժամերի ընթացքում հասարակության շրջանում առաջացրեց
խուճապ: Այն քաղաքացիները, որոնք ունեին դրամի տեսքով խնայողություններ, ողջ օրվա ընթացքում
ձգտում էին արագ «ազատվել» դրանից: Անկումը քաղաքացիներին մղեց դեպի խանութներ, տարադրամի
փոխանակման կետեր: Հասարակության նմանօրինակ հուզումներն ու խուճապը ստիպեցին ապրանք
վաճառողներին և տարադրամի փոխանակմամբ զբաղվողներին կտրուկ բարձրացնել ապրանքների գները
և արտարժույթի փոխարժեքները, իսկ որոշները առժամանակ կասեցրին առքուաճառքը…
Ի հեճուկս ՀՀ տնտեսության ցածր իմունիտետի`
շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանում գլուխ է բարձրացրել արտարժույթի նկատմամբ ազգային
արժույթի արժեզրկման հարցը` ստվերելով հասարակական և քաղաքական քննարկման ասպարեզում
գտնվող անգամ ամենաշահարկված թեմաները: Դա ունի իր բացատրությունը… Ֆինանսական բորսայում
դրամ-դոլար հարաբերությունը հատեց վերջին ութ տարիների ընթացքում սահմանված առավելագույն
չափը. մեկ դոլարի փոխարժեքը դարձավ 550 դրամ, եվրոն հասավ 690 դրամի, արդյունքում դոլարը
արժևորվեց 18,6%, եվրոն` 18%-ով: Դրամի կտրուկ արժեզրկումը հանկարծակիի բերեց ֆինանսական
ոլորտի շահառուներին` հակասելով 2014 թվականի համար Կենտրոնական բանկի կանխատեսումներին:
Արդյունքում հանրապետության ողջ տարածքում նկատվեց ակնհայտ գնաճ. կտրուկ թանկացան ամենատարբեր
ապրանքատեսակները` այդ թվում նաև տեղական արտադրանքը: Որոշ ապրանքատեսակների մասով
տոկոսային հարաբերությամբ գնաճը եղավ ավելի` քան դրամի արժեզրկումը: Տնտեսությունում
տիրող քաոսային իրավիճակը առիթ հանդիսացավ տարաբնույթ մեկնաբանությունների: Այսպես. վերլուծաբանների
մի մասը արժեզրկումը պայմանավորում էր արտաքին տնտեսաքաղաքական նոր իրողություններով,
մյուս մասը` «մեղադրում» էր ներքին խնդիրներին: Հայկական արժույթի արժեզրկման գլխավոր`
ներքին պատճառը, վերջին շրջանում շուկայում առաջացած դոլարի դեֆիցիտն է: Դոլարի նկատմամբ
պահանջարկը գերազանցում է շուկայական առաջարկին, ինչն էլ ենթարկվելով տնտեսագիտության
ոսկե կանոնին` հանգեցնում
է դրամ-դոլար փոխարժեքի աճին: Հաշվի առնելով այն, որ Հայաստանում սպառվող ապրանքների
ծանրակշիռ մեծամասնությունը ներմուծված է, ուստի բնական է, որ դոլարի նկատմամբ պահանջարկի
առյուծի բաժինը ընկնում է դրանց ներկրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Վերջիններս
տնտեսության մեջ առկա արտարժույթը «արտահանում» են արտերկիր` հանգեցնելով շրջանառության մեջ արտարժույթի
ծավալային կշռի նվազման: Դոլար չներմուծող և
եղածն էլ անխնա արտահանող Հայաստանում, արտահանումը մի քանի անգամ գերազանցում է ներմուծմանը,
իսկ բացասական սալդոյի ցուցանիշը վերջին ժամանակներս էլ ավելի աճեց արտահանման ծավալների
կրճատման արտաքին գործոնի պատճառով: Դրամի արժեզրկման
արտաքին պատճառը նավթի գների անկումն է: Իրողությունը բացասաբար ազդեց նավթամքերքի
վաճառքով զբաղվող ԱՊՀ երկրների` մասնավորապես Ռուսաստանի տնտեսության վրա: ՌԴ-ում ստեղծված
իրավիճակը նվազեցրեց հայկական ապրանքների` ռուսական շուկայում իրացումը, ինչն էլ պատճառ
դարձավ Հայաստանի արտահանման ծավալների կրճատման: ՌԴ տնտեսության ճգնաժամային իրավիճակը
բացասական ազդեցություն ունեցավ նաև Հայաստանում գործող ռուսական ընկերությունների
աշխատանքի վրա, կրճատվեց նաև Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտները: Արդյունքում
ռեսուրսներ չունեցող և իրադարձությունների ծայրակետում գտնվող Հայաստանի
տնտեսությունը անմասն չմնաց արտաքին բացասական ազդեցություններից և ազգային արժույթի
արժեզրկմամբ տուժեց գրեթե այնքան, որքան իրադարձությունների կիզակետում գտնվող մնացած
պետությունների տնտեսությունները: Արտարժույթի արժևորման մեջ, որպես արտաքին գործոն,
իր առանցքային դերակատարումն ունեցավ արտարժույթի
տերը` ԱՄՆ-ն, որ միայն իր արժույթը վեր ու վար անելով` ստեղծեց ճգնաժամային իրավիճակը:
Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող վալյուտայի փոփոխությունը լրացուցիչ 1.5-2%
գնաճի խթան դարձան: Արդեն իսկ թանկացել են ներմուծվող ապրանքատեսակները, որոնք կազմում
են ՀՀ քաղաքացու սպառողական զամբյուղի 37%-ը: Եթե ազգային արժույթի արժեզրկմամբ պայմանավորված թանկացումներին գումարենք նաև
սեզոնային թանկացումները, ապա նոյեմբերի սկզբից մինչ այսօր, գնաճը Հայաստանում տարբեր ապրանքատեսակների համար միջինում դիտվել է երկնիշ տոկոսներով: Ստեղծված իրավիճակից
առավելապես օգուտ են քաղում վերավաճառողները, ովքեր ներմուծման վնասի անվան տակ, երբեմն
կրկնապատկում են իրենց շահույթը: Երբ դոլարը արժեզրկվում է 25%-ով, բայց դրա անվան
տակ օրինակ շաքարավազը երևանյան տարբեր վաճառակետերում 350 դրամից հասնում է գրեթե
700 դրամի` դա մեղմ ասած հնարավորությունների չարաշահում է: Ակնառու օրինակ են նաև
կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները, որոնք բարձրացնում են կաթնամթերքի գինը` պատճառաբանելով
հումքի` կաթի փոշու ներմուծման բարձր գինը, հակառակ` պիտակի վրա «անարատ կաթ» գրությանը:
Արևմտյան արժույթները
Հայաստանում ամրապդնվում են, հյուսիսային ռուբլին` արկեզրկվում, և վալյուտային վայրիվերումներից
առավելապես տուժում են արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները, ովքեր ստիպված են վճարել
ոչ միայն մենաշնորհների «վնասները մեղմելու», այև դրամի` ռուբլու նկատմամաբ արժևորուման
համար: Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողների մեկ տարվա վաստակը ռուբլու
անկանոն արժեզրկման պատճառով այսօր կրկնակի անարժեք է, իսկ տարադրամի փոխանակման արդյունքում
ստացված գումարը՝ կորցրել է նախկին գնողունակությունը: Հայաստանի տնտեսության, օտար
մարմիններից խոցելիությունը հարվածում է Հայաստանի շարքային քաղաքացու ընտանեկան բյուջեին:
Մակրոտնտեսական բազմաթիվ հետազոտությունները
փաստում են` տնտեսությունում առկա գնաճի մակարդակի 1%-ը փոխհատուցելու համար, պետությունները
ծախսում են երկրի ՀՆԱ-ի 4%-ը: Կարծես ՀՆԱ-ի 4%-ի ավելցուկը իրեն զգացնել է տալիս Հայաստանի
տնտեսությունում, քանզի եթե վարվենք այնպես, ինչպես փաստում են համաշխարհային հետազոտությունները`
այն կծախսվի վերջին ժամանակներում «բարոյալքված» ազգային արժույթը «բարոյական» դարձնելու
համար...
Աղբյուրը` Մերի Թելունցի բլոգ
Աղբյուրը` Մերի Թելունցի բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий