2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում
գործող փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ կիրառվող հարկային քաղաքականության համակարգի մեջ ներդրվեց շրջանառության հարկի մասին օրենք, համաձայն
որի տարեկան մինչև 58,35մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններից գանձվում
է եկամտի 3.5%-ը, նախկինում վճարվող 2-2,4% կազմող եկամտահարկի կամ շահութահարկի փոխարեն:
Նոր օրենքի ընդունումից մոտ մեկուկես տարի անց, ՀՀ կառավարությունը ներկայացրեց հարկային
քաղաքականության մեկ այլ մոդել, որով ՓՄՁ-ներից գանձվող շրջանառության հարկը 3.5%-ից
պետք է դառնար 1%` տնտեսվարողների նկատմամբ հարկային վերահսկողության խստացման հաշվին:
Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխության որոշ դրույթներ բացասաբար ընկալվեց տնտեսվարողների
կողմից, ինչը պատճառ դարձավ, որ օրենքի գործնական դաշտում հայտնվելը կասեցվի նախ մինչև փետրվարի, հետո արդեն հուլիսի 1-ը: Տնտեսվարողների
դժգոհությունը հարուցած օրենքը ունի վիճելի տարրեր, ուստի խնդրի երկու սուբյեկտների դիտարկումները
որակելու համար, հարկ է ուսումնասիրել ՓՄՁ-ների հարկման նոր համակարգը: Հարկման նախկին
եղանակով, փոքր և միջին ձեռնարկությունները
պարտավորվում էին վճարել իրենց տարեկան հասույթի 3,5%-ը: Իբրև ՓՄՁ-ների զարգացմանն
խթանող` կառավարության կողմից որդեգրած քաղաքականություն, պետականորեն հարկային մարմնի
մուտքը ՓՄՁ-ներ արգելված էր: ՓՄՁ-ներին տրված էր ազատ գործելու հնարավորություն,
ի շահ տնտեսական այդ միավորի զարգացման: Համակարգը տնտեսվարողների սրտով էր, սակայն
արի ու տես, որ տնտեսության մեջ տեսակարար կշիռ չունեցող ՓՄՁ-ները, անուղղակիորեն հանգեցնում
էին ստվերի առաջացմանը: Վերավաճառելով խոշոր ձեռնարկությունների արտադրանքը` ՊԵԿ-ի
կողմից չվերահսկվող ՓՄՁ-ները խոշորների համար դառնում են չփաստաթղթավորված արտադրանքը
առանց խնդիրների իրացնելու, և հարկերից խոսափելու շատ հարմար միջոց: Իհարկե ապրանքների
չփաստաթղթավորումը ձեռնտու է նաև ՓՄՁ-ներին: Այդպիսով նրանք արհեստականորեն կրճատում
են ձեռնարկության շրջանառության իրական ծավալները, սակայն պարզ է, որ փոխշահավետ մանիպուլիացիայից, առավելապես օգուտ են քաղում
խոշոր ձեռնարկությունները: Արդյունքը ստվերն է, և կառավարության նոր մարտավարությունը
ոչ այլ ինչ է, քան ստվերի դեմ պայքար է: Նոր օրինագծի համաձայն ՓՄՁ-ներում վաճառքի
ներկայացված յուրաքանչյուր ապրանք, պետք է հստակ փաստաթղթավորված լինի, իսկ ձեռնարկությունների
գործունեությունը պետք է ուղղեկցվի ՊԵԿ-ի կողմից պարբերաբար ստուգումներով: Օրենքի
պարտադիր փաստատթղավորման մասին դրույթը, հետապնդում է խոշոր ձեռնարկություններին հարկային
դաշտ ներգրավելը: ՀՀ-ում գործող շուրջ 68 հազար փոքր և միջին ձեռնարկությունները ստիպված
կլինեն ձեռք բերել միայն փաստաթղթավորված ապրանքներ, իսկ խոշոր ձեռնարկությունները
ենթադրվում է, որ ապրանքներ մատակարարելիս կտրամադրեն համապատասխան փաստաթղթեր: Այդպիսով
խոշորները ՓՄՁ-ների արտոնությունների կրճատման հաշվին կհայտնվեն հարկային դաշտում:
Թվում է` հիանալի է, սակայն գաղտնիք չէ, որ խոշոր ձեռնարկությունները ՓՄՁ-ներին փաստաթուղթ
չեն տրամադրում, և չեն էլ տրամադրի, օրենքի ցանկացած փոփոխության դեպքում: Արդյունքում
կտուժեն ՓՄՁ-ները, որոնք ստիպված կլինեն շրջանառության հարկից բացի, վճարել նաև ԱԱՀ
(ավելացված արժեքի հարկ), տույժ ու տուգանքները`
խոշորների «մեղքերի» համար, ինչպես նաև ՊԵԿ-ի կողմից հարկային ստուգումների ընթացքում
հայտնաբերված բնականոն թերացումների համար: Կտուժի նաև ամենախոցելի խավը. ՓՄՁ-ներում
վաճառքի ներկայացված ապրանքների մեջ շատ հաճախ հայտնվում են չփաստաթղթավորված, տնային
պայմաններիում պատրաստված մթերքներ, որոնցից ստացված հասույթը կերակրում է մի ամբողջ
ընտանիքի: Նոր օրենքը բացառում է նմանատիպ գործունեությունը: Այս տրամաբանությամբ առաջնորդվելու
դեպքում, կառավարության հաջորդ օրինագիծը կլինի փողոցում արևածաղիկ վաճառող տատիկիների
ԱՁ-ի կարգավիճակ ունենանալը և ՀԴՄ կտրոն տրամադրելը: Պետք է չսպասել նորարարությունների,
քանզի այսօրվա նորարարության գործնականում կիրառությունը պարտադիր կուղեկցվի գնաճով:
ՓՄՁ-ները իրենց տուգանքները կոպեսացնելու համար կբարձրացնեն վերավաճառող ապրանքների
գները, իսկ եթե պատահի այնպես, որ այնուամենայնիվ նոր օրենքը ազդեցություն ունենա նաև
խոշորների վրա, ապա թանկացումները դրամի արժեզրկումից էլ ավելի շոկային կլինեն: Բոլոր
դեպքերում սա ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված քաղաքականություն է, և իհարկե պետք է գիտակցել,
որ ցանկացած դրական բանի հասնելու համար, պետք է որոշակի զոհողություններ: Խնդիրը ստվերի
վերացումն է. իհարկե լավ է, բայց ոչ տնտեսական ստվերի գոյացման մեջ, ստվերային տեղ
գրավողների հաշվին: Կառավարությունը այսօր ստվերի կամ խոշոր ձեռնարկությունների ամենակարողության
դեմ պայքարի միջանկյալ ուղիներ է փնտրում` որպես գործիք օգտագործելով երկրի տնտեսության
թիրախային օղակներից մեկը: Հանուն արդարության պետք նշել, որ ՓՄՁ-ների հարկային դրույքաչափը
նվազելու է, սակայն այն բազմաթիվ տուգանքները, որ այս կամ այն պատճառով ստիպված կլինեն
վճարել ՓՄՁ-ները, կարծում եմ կփոխատուցի պետության 8 մլրդ դոլարի կանխատեսելիք ծախսը:
Օրենքում անհրաժեշտ են հստակեցումներ, ինչը փաստում դրա թերացումների մասին: Կոնկրետ
ոլորտում փոփոխությունները պետք է վերաբերվի այդ ոլորտին, ոչ թե կրի միանգամից մի քանի
ոլորտի բարեփոխման ենթանպատակ: Արդյունքում գործողությունները ոչ միայն նախատեսված
նպատակին չեն ծառայի, այլև բացասական ազդեցություն կունենան առկա դրականի վրա:
2013 թվականի հարկային քաղաքականության փոփոխություններից
մինչև այսօր փակվել է շուրջ երկու հազար փոքր և միջին ձեռնարկություն: Տեսնենք որքան
կլինի, կառավարության նոր էքսպերիմենտի արդյունքը...
Աղբյուրը` Մերի Թելունցի բլոգ
Աղբյուրը` Մերի Թելունցի բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий