4.20.2015

Հետգրություն...


«Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսը այևս պատմություն է: Մարտի 9-ին մեկնարկած և մեկ ամիս շարունակվող տոնը ավարտվեց. ավարտվեց ձևով` մեկնարկի պես համեստ, շռայլ` բովանդակության ու գաղափարի մեջ: Երբ ստեղծվում էր միամսյակի գաղափարը ես վարանում էի, ստուգատեսի նախապատրաստական փուլում` հաջողելը կասկածում, այն մեկնարկելիս` անհանգստանում ու ձախողելուց վախենում, դրա ընթացքում` հիանում, իսկ այ ավարտին տխրեցի, որովհետև արդեն մի քանի օր է, ինչ զգում եմ պակաս զբաղվածության բացասական հետևանքները: Միամսյակը ինձ համար բազմաթիվ խառը էմոցիաների բազա էր, որտեղ գերակա էին հպարտության առիթները:
Հպարտանում էի, որովհետև նմանատիպ միջոցառումների մեջ, թե' կրթահամալիրի, թե' հանրապետության մասշտաբով ստուգատեսը տեսակով առաջինն էր: Կրթահամալիրում ստուգատեսներ շատ են եղել, սակայն դեռևս չէր եղել մի ակումբ, որ իր վրա կվերցներ ստուգատես անցկացնելու ծանր բեռը, կգտներ ՀՀ Կենտրոնական բանկի պես գործընկեր: ՀՀ ԿԲ-ն արդեն երկու տարի է, ինչ անցկացնում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը (որը կարծես դարձավ միամսյակի նախատիպը), սակայն մենք առաջին կրթական հաստատությունն էինք, որ կարողացանք կազմակերպել նմատիպ ստուգատես` թեկուզ առավել փոքր շրջանակների համար: Կազմակերպեցինք հինգ տնտեսագիտական թեմաներով սեմինար-քննարկում (եթե անհամեստություն անելով` գումարենք նաև միջին դպրոցի սովորողների համար «Սպառողական զամբյուղ» թեմայով դասը, որը վարում էի ես, ապա վեց), ունեցանք երեք հետաքրքիր ու բուռն բանավեճ, շարադրության մրցույթում տասներկու, իսկ գովազդի մրցույթում ութ աշխատանք, այցելեցինք ՀՀ Կենտրոնական բանկ: Մեզ միացան սովորողներ Երևանի տարբեր կրթական հաստատություններից (ԱՅԲ կրթահամալիր, Տեխնոլոգիական քոլեջ, Եղվարդի թիվ 1 դպրոց):
Ոգևորվում էի, ամբողջ ընթերցասրահը հարցասեր ու հետաքրքված սովորողներին տեսնելով (հրաշալի տեսարան): Ավելի էի ոգևորվում, երբ ստանում էինք զանգեր, և միամսյակին մասնակցելու հայտեր, իսկ “Child & Youth Finance International” կազմակերպության “Global Money Week” միջոցառման մաս դառնալը և այն, որ Հայաստանը ներկայնում էր «Տնտեսական միամսյակ»-ով կրկնապատկում էր իմ ուրախությունն ու պատասխանատվության զգացումը:

Ուրախ էի, երբ տեսնում էի, որ մեկ ամիս շարունակ Կենտրոնական բանկի կրթական կայքի նորություններ բաժնում գրվում էր կրթահամալիրի անունը: Մեկ ամիս շարունակ չէին դադարում տնտեսելու գիտության ուսումնասիրությունը, սովորողների անվերջանալի հարցերը, հարցաթերթիկներում` խելացի ու ստեղծական պատասխանները: Միամսյակը սովորողի ստուգատեսն է և սովորողի համար է, և դարձավ միամսյակին մասնակից յուրաքանչյուրինը: Ստուգատեսը կայացավ, որովհետև կար մի թիմ, որ ամեն ինչ անում էր այն կայացած տեսնելու համար, և այժմ հպարտությամբ ասում եմ` ես այդ թիմի մի մասնիկն էի:  Ու մասնիկ լինելով` ես ստացա փորձ, սովորեցի աշխատել` զբաղված գրաֆիկով, հասցնել ամեն ինչ, փնտրել այլընտրանքներ, ևս մեկ անգամ ամրապնդեցի իմ տնտեսագիտական գիտելիքները, և հասկացա, որ լավ գաղափարների աջակից միշտ էլ գտնվում է: «Տնտեսական միամսյակ»-ը ավարտվեց, տնտեսական տարին առջևում է...

Комментариев нет:

Отправить комментарий