5.08.2015

Երբ խաչվում են բնածինն ու մարդածինը...


2010 թվականին Համաշխարհային բանկի և հայաստանյան մի շարք կառույցների (ԱՎԾ, Կենտրոնական բանկ) կողմից համատեղ իրականացրած հետազոտությունները փաստում էին ՀՀ տնտեսության, բնակչության, աշխատուժի` մայրաքաղաքում գերկենտրոնացված լինելը: Հետազոտության բացասական արդյունքները «ստիպեց» ՀՀ կառավարությանը որդեգրել մարզերի աշխուժացմանն և դրանց սոցիալական և հասարակական նշանակության բարձրացմանն ուղղված քաղաքականություն: Յուրաքանչյուր մարզի համապատասխանեցվեց տնտեսության որևէ ոլորտ` ըստ տվյալ մարզում ոլորտի զարգացման նախադրյալների…

Չգիտեմ նախկինում ինչպիսի ֆինանսական աշխույժություն է դիտվել Դիլիջանում, բայց այսօր Տավուշ աշխարհի կոլորիտային բնությամբ ծածկված և հոգսաշատ ու աղմկոտ Երևանից հեռու` Հայաստանի հյուսիսային քաղաքներից մեկը` Դիլիջանը, փորձում է դառնալ Հայաստանի ֆինանսական կենտրոնը: Աշխատանքներ են տարվում ՀՀ բանկային համակարգը Դիլիջան տեղափոխելուն, արդեն գործում է Դիլիջանի գիտահետազոտական կենտրոնը: Եվ հենց այդ կենտրոնի հետ ծանոթանալու ցանկությունն էր պատճառը, որ այսօր «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի ակտիվ մասնակիցները, կտրելով մոտ հայուր կիլոմետր, արշավեցին դեպի Դիլիջան: Հետաքրքիր, կատակներով, ուրախ խաղերով, կանգառներով, ու բացահայտումներով լի ճամփորդությունը մեկնարկեց առավոտյան 09:20. ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո վերցրինք մեր ուսապարկերը և ճամփա ընկանք: Դեպի Դիլիջան ճանապարհը երկար էր, և մենք որոշեցինք օգտվել հանգստանալու առիթից ու շրջել Սևանա կղզում: Կապուտաչյա Սևանը, երբ համադրում ենք պատմաաշխարհագրության հանրագիտարան ընկեր Էմանուելի բացատրությունների հետ, բավական ուսումնական է դառնում:

Հաջորդ կանգառը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնն էր: Քաղաքի կենտրոնում գտնվող համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից: Առաջին հատվածը թանգարանն է, որում ներկայացված նմուշներին արդեն հասցրել էինք ծանոթանալ Երևանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում: Երկրորդ մասը Կենտրոնական բանկի աջակցությամբ ստեղծված հանրային գրադարանն է` մի հանգիստ ու տրամադրող վայր սովորելու ու ընթերցելու համար: Եվ վերջին մասը «Թումո» ստեղծարար կենտրոնի մասնաճյուղն է, որը հնարավորություն է տալիս մոտ երեք հարյուր պատանու ուսումնասիրել լուսանկարչություն, ծրագրավորում, համակարգչային դիզայն: Կենտրոնը նախատեսված է ամենատարբեր տարիքի հետազոտողների համար, որտեղ կա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնակրթության համար:

Գիտահետազոտական կենտրոնին ծանոթանալուց հետո, մենք որոշեցինք շրջել Դիլիջանով: Նկարվեցինք «Միմինո» ֆիլմի արձանի կողքին, շրջեցինք Դիլիջանի այգով և գտանք հարազատ վայր` մարմարյա սրահի նման, ու սեբաստացու պես խենթ նկարվեցինք: Ճամփորդության ողջ ընթացքում համ ու հոտը ապահովվում էր «Ագռավներ» պատանեկան համույթի շքեզ համարներով, որի մենակատարներից մեկը պատիվ ունեի լինելու ես:

Եթե եկել, հասել ես Դիլիջան, Հաղարծինը չտեսնելն ու պատմամշակութային այդ արժեքով չհիանալը անթույլատրելի է: Տասներորդ դարի մարմարյա կոթողը մինչ այժմ կանգուն է իր վեհությամբ և շքեղությամբ: Հայտնվելով լռության ու բնության գերակայությամբ այդ աշխարհում` մարդ մոռանում է իր բոլոր խնդիրներն ու սկսում պարզապես վայելել գեղեցկությունը: Երբ խաչվում են բնածին ու մարդածին հրաշքները, սկսում ես գնահատել մշակութային արժեքները, որովհետև դրանք իրենց մեջ կրում են ուժ, որ հանգստություն է պատճառում:


Դիլիջանը օր օրի զարգանում ու ակտիվանում է, և արդեն ոչ միայն բնությամբ այլև ակտիվ քաղաքային կյանքով դիմավորում մայրաքաղաքի և արտերկրի այցելուներին: Ամեն անգամ այդտեղ հայտնվելիս մի նոր բան եմ բացահայտում: Այսօր բացահայտեցի` Դիլիջանի զարգանալուն զուգընթաց, երկար խոսողների թիվը կրճատվում է…

Комментариев нет:

Отправить комментарий