12.08.2014

Ու կայացավ...


Եվրասիական միություն, թե՞… Ամիսներ ձգվող հասարակական ընդվզումներ, տարբեր բանախոսների դիտարկումներ, ամենատարբեր կարծիքներ ու բանավեճեր հարուցած թեման հասավ նաև կրթահամալիր, և «Տնտեսագետի» ակումբի երկար պլանավորած բանավեճը կայացավ, կայացավ սպասվածից շատ ավելի` հազարապատիկ ավելի լավ` բովանդակալից, հետաքրքիր, ուսումնական: Գաղափարը վաղուց էր ծնվել. պարզապես կրթահամալիրում դժվար էր գտնել կոմպետենտ հակառակորդների, որոնք օրեր ու շաբաթներ կծախսեին թեման ուսումնասիրելու, փաստեր հավաքագրելու, և բանավեճին ըստ արժանվույն պատրաստվելու համար: Ընդդիմախոսներ գտանք. բարիկադի հակառակ կողմում կանգնած էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ` Դանիել Իոննիսյանը, Դավիթ Օհանյանը, և կրթահամալիրի դասավանդող` Վահրամ Թոքմանջյանը: Պետք է բանավիճեինք իրազեկների դեմ, ասել է թե բանավեճին պատրաստվելու պատասխանատվությունը կրկնապատկվում է: Նորից ուսումնասիրեցինք, թարմացրինք գիտելիքները, ծանոթացանք նորություններին և դեկտեմբերի ութին` ակումբային դասաժամի ընթացքում սկսեցինք բանավեճը: Բանավեճը վարում էր Ավագ դպրոց-վարժարանի տնօրեն` Գևորգ Հակոբյանը: Բանավեճին ներկա էին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, կրթահամալիրի տարբեր ակումբների սովորողները: Ժամանակը կարճ էր, ասելիքը` շատ, ուստի ստիպված էինք ընտրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության կարևորագույն բաղադրիչները` ուշադրություն դարձնելով հիմնականում տնտեսական, քաղաքական, ռազմական ասպեկտներին: Բանավեճը ուղեկցվում էր փոխադարձ հարցադրումներով և կարծիքներով. բազմիցս շոշափված թեման մուտք գործեց ուսումնական  միջավայր: Բանավեճում հաղթողներ ու պարտվողներ չեղան, իրականում կհաղթի Հայաստանը, եթե տարիներ անց արձանագրենք, որ այն, ինչի մասին այսօր բանավիճում ենք, տվեց արդյունք ու միայն դրական արդյունք...

Հ.Գ. Եվ որպես ամփոփում ուզում եմ արտահայտել կարծիքս, որը ժամանակի սղության պատճառով այդպես էլ լիարժեք արտահայտել չկարողացա: Հայաստանի` որպես պետություն, խնդիրը ցանկացած միջոցով իր քաղաքացիների կենսամակարդակը` կյանքի սոցիալական կողմը ապահովելն է: ԵՏՄ-ն պարզապես միջոց է, որով հեշտանում է պետության «առաքելությունը» կատարելը:
Աղբյուրը` Մերի Թելունցի բլոգ

Комментариев нет:

Отправить комментарий