2.16.2014

Պետական բյուջե 2014

Պետական բյուջեն փաստաթուղթ է, որում ներկայացված են մեկ տարվա կտրվածքով կատարվելիք ծախսերը և եկամուտները: 2014թվականի պետական բյուջեի եկամուտները ձևավորվել է հիմնականում հարկերի և պետական տուրքերի միջոցով, որը կազմում է բյուջետային եկամտի 96.64%-ը: Պաշտոնական դրամաշնորհները կազմում են բյուջետային եկամտի 1.76%, մնացած 1.60%-ը այլ բնույթի եկամուտներ են:


2014թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կազմում է ծախսերի գծով` 1,286.0մլրդ դրամ, եկամուտների գծով` 1,170.4մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)`115.6մլրդ դրամ: Որպես համեմատություն հարկ է նշել, որ 2013թվականի պետական բյուջեն կազմել է ծախսերի գծով 1,183.1մլրդ դրամ, եկամուտների գծով`1,059.1դրամ, դեֆիցիտը 124,0 մլրդ դրամ: 
Ստորև ներկայացված է 2013 և 2014թվականների բյուջեն և ըստ ոլորտների իրականացվելիք ծախսերը:
Ոլորտ
2013թվական
2014թվական
Բյուջե (մլրդ դրամ)
1,152,619,955.6
1,254,335,122.7
Սոցիալական պաշտպանություն
304,696,825.2
362,033,007.1
Հանրային ծառայություններ
208,943,021.5
225,878,020.3
Պաշտպանություն
182,740,269.2
194,085,891.8
Կրթություն
108,306,786.7
128,027,645.5
Առողջապահություն
71,978,775.6
80,728,761.5
Տնտեսական հարաբերություններ
131,363,987.3
108,276,747.7
Բնակարանային շինարարություն
25,943,204.4
26,849,593
Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն
72,408,258.4
82,474,188.1
Պահուստային ֆոնդեր
22,689,262.2
20,603,646.8
Շրջակա միջավայրի պաշտպանություն
5,364,975.6
4.346,427.3
Հանգիստ, մշակույթ, կրոն
18,184,589.5
21,031,193.6

Պետական բյուջով նախանշված է կատարել ծախսեր տասնմեկ ուղություններով, որոնք բյուջեում ունեն իրենց մասնաբաժինը: Ստորև ներկայացված է 2013 և 2014 թվականների ընթացքում կատարված և նախատեսված ծախսերը ըստ ոլորտների:
Սոցիալական պաշտպանություն-2013թվական-բյուջեի 26.4%-ը, 2014 թվական-բյուջեի 28.8%:
2014-ին 2013-ի համեմատ այս ոլորտին տրամադրված միջոցները աճել են 15.8%-ով: Եթե ուշադրություն դարձնենք դիագրամին, ապա կնկատենք, որ թե 2013-ին և թե 2014-ին սոցիալական պաշտպանության մեծ մասը տրամադրվել է ծերությանը`կենսաթոշակների տեսքով: 2014-ին 3.5%-ով աճել է ողջ սոցիալական պաշտպանութայանն ուղղված գումարից, ծերության համար նախատեսված գումարը, ի տարբերություն մյուս ոլորտների: Մնացած ոլորտների համար նախատեսված գումարը (պատկերում` տոկոսի տեսքով) գնալով նվազում է, ընդ որում գործազրկության ու բնակարանային ապահովման դեպքում`կրկնակի: Ըստ պետական վիճակագրության ՀՀ կենսաթոշակային տարիքի ենթական անձինք (ՀՀ կենսաթոշակային տարիքը համարվում է 63 տարեկանը) կազմում են շուրջ կես միլիոն, ինչը կազմում է ՀՀ-ում աշխատուժի կեսից ավելին: Դա է պատճառը, որ ՀՀ պետական բյուջեի 20%-ը ուղղված է միայն կենսաթոշակներին: Հայաստանում մեկ թոշակառուի հաշվով հաշվառված է երկու աշխատող, այնինչ պետք է մեկ թոշակառուի հաշվով լիներ չորս աշխատող, ՀՀ-ում 2014-ին սպասվում է 19% գործազրկություն, ինչը վատագույնն է հետխորհրդային երկրներում, իսկ գործազրկության կանխարգելման համար պետությունը տրամադրում է ընդհամենը 0.6%: 
 Նմանատիպ պատկեր է նաև բնակարանային ապահովման դեպքում: Այս ոլորտին պետությունը ուղղել է ընդամենը 500մլն. դրամ, որը  նախատեսված է զոհված և հաշմանդամ, զինծառայողների կամ նրանց ընտանիքի անդամների բնակարանային ապահովման, և բնակարանային պայմանների բարելավման համար, բայց հաշվի առնելով ՀՀ-ում 2-3 սենյականոց բնակարանի միջին շուկայական գինը (10մլն. դրամ), ապա նախատեսված գումարը կբավարարի ընդամենը 50 ընտանիքի: Հարազատ կորցրած անձանց  բյուջետային հատկացումները կազմում են 1.4%, 16% ծնողազուրկ երեխաներին, 3% սոցիալական հատուկ արտոնություններին (արտոնություններից օգտվում են վետերանները, փախստականները, անօթևանները): Սոցիալական բյուջեում 0.3% (շուրջ 1.27մլրդ դրամ) է տրամադրված վատառողջություն և անաշխատունակություն ունեցող անձանց: Թիվը առաջին հայացքից փոքր չէ, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանում անաշխատունակ (հաշմանդամ) մարդկանց թիվը հասնում է 190.000-ի, ապա մեկ անձի հաշվով, միջին սոցիալական նպաստի չափը կազմում է` 6690դրամ, որով չաշխատող մարդը բնականաբար ապրել չի կարող: Այս ոլորտին ուղղված գումարը օգտագործվելու է անաշխատունակություն և վատառողջություն ունեցող անձանց սոցիալական նպաստների, բուժօգնության ծառայություններ մատուցելու, և այլ ծառայությունների համար, բայց չկա այդ խմբի մարդկանց աշխատանք ապահովելու դրույթ, իսկ նպաստը բավարար չէ ապրելու համար: Պետությունը պետք է հատուկ աշխատանքային պայմաններ ստեղծի այս խմբի մարդկանց համար, և դրան ուղղված ծախսերը ներառի պետական բյուջեի մեջ:
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ-2013թվական-բյուջեի 18.1%-ը, 2014 թվական-բյուջեի 19%:
Այս ոլորտի համար նախատեսված գումարը 2014-ին մեծացել է 8.1%-ով: Ոլորտի համար նախատեսված ողջ գումարի 41%-ը նախատեսված է օրենսդիր (խորհրդարան) և գործադիր (կառավարություն`նախարարություններ) մարմինների, պետական կառավարման, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների և արտաքին հարաբերությունների համար: Գումարը նախատեսված է վերոհիշյալ կառույցների պահպանման համար: Այս ոլորտի համար նախատեսված գումարի 1.3% ուղղված է ընդհանուր բնույթի ծառայություններին (վիճակագրական ծառայության պահպանումը, աշխատակազմի պահպանումը, այլ ծառայություններ): Այս ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքների համար տրամադրված է 4.1% (օգտագործվում է` գիտաշխատողների հավելավճարների, գիտական օբյեկտների պահպանման, գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքների պահպանման և զարգացման, գիտական հետազոտությունների ֆինանսավորման համար): 0.75% է տրամադրված, հանրային ծառայություններ ոլորտում` գիտական և գիտատեխնիկական գործունեության և ծրագրային հետազոտությունների համար: Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների անցկացման համար նախատեսված է 5.6%: Այս ճյուղի գումարները օգտագործվում են փորձաքննությունների ծառայության պահպանման, աճուրդների կազմակերպման և անցկացման աշխատանքների, սեմինարների անցկացման և այլ ծառայությունների համար: Այս տարվա պետական պարտքի մարման համար նախատեսված է ամբողջ ծառայությունների ոլորտին հատկացված գումարի 28%-ը(պետական պարտքի մասին ավելի մանրամասն նյութի ներգևում): 18% է նախատեսված կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող տրանսֆերտներին: 
Պաշտպանություն-2013թվական-բյուջեի 15.8%-ը, 2014 թվական-բյուջեի 15.4%:
2014-ին պաշտպանությանն ուղղված գումարը աճել է 5.8%-ով: Գումարի 96.4%-ը նախատեսված է ռազմական պաշտպանության համար, այն օգատգործվելու է ռազմական կարիքների բավարարման համար: 0.09%-ը նախատեսված է արտաքին ռազմական օգնությանը: Պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ կատարելու համար նախատեսված է ռազմական բյուջեի 0.7% (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և աշխատանքներ): Ռազմական բյուջեի 2.7%-ը օգտագործվելու է պաշտպանության բնագավառում ծախսերի, զորակոչիկների վարորդական վկայականների տրման, ականազերծման և փորձագիտական ծառայությունների կազմակերպման համար:
Տնտեսական հարաբերություններ-2013թվական-բյուջեի 11.3%-ը, 2014 թվական-բյուջեի 12%:
Այս ոլորտին ուղղված գումարը 2014-ին աճել է 17.5%-ով: Մեծացել է նաև առանձին ուղություններին ընդհանուր ոլորտից հատկացված գումարի չափը`տնտեսական հարաբերությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներին հատկացված գումարի հաշվին: Գումարի 66%-ը ճանապարհային(ճանապարհների հիմնանորոգում, տրանսպորտային օբյեկների հիմնանորոգում, պետական նշանակության ավտոտճանապարհների հիմնանորոգում և այլն), երկաթուղային(Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի սուբսիդավորում, երկաթուղու շինարարություն ՓԲԸ-ի սուբսիդավորում), օդային(պետական կառավարման մարմինների պահպանում և այլն) և խողովակաշարային տրանսպորտին: 22%-ը նախատեսված է գյուղատնտեսության, ձկնորսության, որսորդության և անտառային տնտեսության համար: Գյուղատնտեսական ծախսեր (12մլրդ դրամ)`բույսերի պաշտպանության միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների պահպանում, սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագորմանը և այլն: Անտառային տնտեսությունը (նախատեսված է 1մլրդ դրամ)իր մեջ ներառում է անտառապատման ծառայություններ և անտառային պետական մոնիտորինգի ծառայություն(այս կենտրոնը ուսումնասիրում է ՀՀ անտառային ռեսուրսները): Ոռոգման ծառայությանն ուղղված 10.6մլրդ դրամը օգտագործվելու է ջրատեխնիկական կառույցների ուսումնասիրման, ոռոգման համակարգերի հիմնանորոգման, ոռոգում իրականցնող կազմակերպությունների ֆինանսական աջակցության, և այլ ծախսերի համար: 0.005%-ը նախատեսված է լեռնարդյունաբերության համար: Այս ոլորտի 0.3% ուղղված է կապին, ավելի կոնկրետ հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայություններին: Վառելիք և էներգետիկա ճյուղի համար նախատեսված 6.1%-ը օգտագործվելու է երեք ուղղություններով`միջուկային վառելիք (ՀՀ կառավարության առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պահպանում), վառելիքի այլ տեսակներ (համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության դրամաշնորհային ծրագիր), էլեկտրաէներգիա (Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերանորոգման ծրագիր): Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններին ուղղված գումարը կազմում է 3.3մլրդ դրամ: Հատկանշական է, որ այս ոլորտի համար նախատեսված ծախսերը գրեթե 9%-ով փոքր են դրոշմապիտակների ձեռք բերման ծախսերից(դրոշմապիտակների ձեռքբերման համար նախատեսվում է վճարել շուրջ 3.6մլրդ դրամ):   
Կրթություն-2013թվական-բյուջեի 9.3%-ը, 2014 թվական-բյուջեի 10%:
2014-ին կրթության ուղղված գումարը աճել է 15.4%-ով: Այս տարի նախադպրոցական և միջնակարգ կրթության ուղղված միջոցները նվազել են, փոխարենը ավելացել է միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, չդասակարգվող կրթության ուղղված գումարը: Կրթական բյուջեի 42%-ը ուղղված է միջնակարգ կրթությանը: Միջնակարգ կրթություն`  հանրակրթական ուսուցում, հատուկ ուսուցում, ներառական կրթություն, երեկոյան դպրոց, երաժշտական դպրոցում ուսուցում, մասնագիտական հանրակրթական ուսուցում և այլն: Նախադպրոցական կրթության համար նախատեսված է 19%(դրանք նախակրթարաններն են): Նախնական և միջին մասնագիտական(արհեստագործական) կրթությանը, կրթական բյուջեից նախատեսված է  6.7%: 7.6% նախատեսված է բարձրագույն կրթություն համար(բարձրագույն մասնագիտական կրթություն, բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ, բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում): Բյուջեի 0.5%-ը նախատեսված է գործադիր մարմնի (այդ թվում աշխատակազմի) պահպանման համար:
Առողջապահություն-2013թվական-բյուջեի 6.2%-ը, 2014 թվական-բյուջեի 6.4%:
Առողջապահությանը տրամադրված է  բյուջեի 6.4%-ը որն իր մեջ ներառում է. բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ-3.6% (դեղորայքի տրամադրում պետական պահպանության ծառայությանը, դեղորայքի տրամադրում բժշկական հաստատություններում հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց), արտահիվանդանոցային ծառայություններ-33.5% (ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ, մասնագիտացված բժշկական ծառայություններ, ստամատոլոգիական ծառայություններ, պարաբժշկային ծառայություններ`այդ թվում շտապօգնության ծառայություն, ախտորոշիչ ծառայություններ, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննության ծառայություն), հիվանդանոցային ծառայություններ-42% (ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ, մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ, մոր և մանկան բժշկական ծառայություններ), հանրային առողջապահական ծառայություններ-4.9%, առողջապահություն-15.6% (առողջապահական ծառայություններ և ծրագրեր, գործադիր իշխանություն`առողջապահության նախարարություն):
Բնակարանային շինարարությոն և կոմունալ ծառայություններ-2013թվական-բյուջեի 2.2%-ը, 2014 թվական-բյուջեի 2%:
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններին ուղղված գումարը այս տարի մեծ է 2013-ին 3.3%-ով: Այս ոլորտի համար նախատեսված է պետական բյուջեի 2%-ը, որը ծախսվելու է ջրամատակարաման-90%(24,164,279.8 մլրդ դրամ), փողոցների լուսավորման-7.3%(1,971,973մլրդ դրամ), և բնակարանային շինարարություններ և կոմունալ ծառայությունների-2.7% (713,340.2մլն. դրամ) համար: Երրորդի դեպքում ծառայությունը բացարձակ կապ չունի բնակարանաշինարարության հետ, այս ճյուղին ուղղված միջոցները ծառայելու են պետական կառույցների պահպանմանը`գործադիր իշխանություն, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանում, և կարողությունների զարգացում:
Հանգիստ, մշակույթ և կրոն-2013թվական-բյուջեի 1.5%-ը, 2014 թվական-բյուջեի 2%:
Մշակույթին այս տարի ուղղված է 2% (հանգստի և սպորտի ծառայություն-8.5%, մշակութային ծառայություն-55%, ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ-28.5%, կրոնական և հասարակակն ծառայություններ-3.8%, հանգիստ, մշակույթ և կրոն, այդ թվում գործադիր իշխանություն և ծրագրերի իրականացման պետական հիմնարկի պահապնում-3.3%):
Շրջակա միջավայրի պաշտպանություն-2013թվական-բյուջեի 0.4%-ը, 2014 թվական-բյուջեի 0.3%:
Այս տարի շրջակա միջավայրի պաշտպանությանը ուղղված գումարը նվազել է շուրջ 0.1%-ով: Շրջակա միջավայրի պաշտպանության ուղղված գումարը կազմում է բյուջեից 0.3%-ը: (աղբահանում-1%, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար-3.3%, կենսաբազմազանության և բնության պաշտպանություն-62.9%, շրջակա միջավայրի պաշտպանություն-33%): Եթե ուշադիր նայենք դիագրամին, որտեղ պատկերված է այս ոլորտին տրամադրված գումարի չափը, ապա կնկատենք, որ 2013-ին աղբահման համար նախատեսվել է 1.3մլրդ դրամ, իսկ 2014-ին 48.3մլն դրամ: Այս փաստը ունի երկու բացատրություն: Առաջին` աղբի ծավալները 2014-ին կտրուկ նախատեսում է կրճատել 26 անգամ և երկրորդ 2013-ին աղբահանման համար ծախսված գումարը խիստ ուռճացված է: Կարծում եմ երկրորդը ավելի հավանական է:
Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն-2013թվական-բյուջեի 6.2%-ը, 2014 թվական-բյուջեի 6.5%:
2014 թվականի հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության համար պետական բյուջեից նախատեսված գումարը ավելացել է 12.2%-ով: Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն (Հասարակական կարգ և անվտանգություն, որն իր մեջ ներառում է ոստիկանություն և ազգային անվտանգություն-63.6%, փրկարար ծառայություն-8.8%, դատական գործունեություն և իրավական պաշտպանություն, այդ թվում դատարաններ և իրավական պաշտպանություն-12%, դատախազություն-3.9%, կալանավորներ-11.3%, հասարակական կարգ և անվտանգություն`ՀՀ հատուկ քննչական ծառայություն-0.4%): Նկարից պարզ է դառնում, որ այս ոլորտից կալանավորներին ուղղված գումարը փոքր է միայն ոստիկանության և ազգային անվտանգության ուղղված գումարից: Կալանավորների համար նախատեսված գումարը 22%-ով մեծ է փրկարար ծառայության համար նախատեսված գումարից: Ստացվում է այն մարդկանց համար, որոնք ամեն օր վտանգելով իրենց կյանքը փրկում են ուրիշներին, պետությունը նախատեսում է ավելի քիչ քան կալանավորների համար, որոնք հակառակն են անում: Նույնը կարելի է ասել նաև դատախազության համար:
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր-ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդեր
Պետական պարտք
Երբ պետական բյուջեում ծախսերը գերազանցում են եկամուտներին, բյուջեում առաջանում է դեֆիցիտ: Բյուջեում դեֆիցիտը հանգեցնում է պետական պարտքի ավելացմանը: Դեֆիցիտը կոմպեսացնելու (փոխհատուցելու) համար պետությունը պարտք է վերցնում ներքին և արտաքին աղբյուրներից: Ներքին աղբյուրները տարբեր են լինում. Օրինակ`ՀՀ ռեզիդենտների ֆինանսավորումները, որի դիմաց պետությունը տրամադրում է պետական պարտատոմսեր: Ներքին աղբյուրներից է նաև պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփակաշնորհումից առաջացած միջոցները: Արտաքին աղբյուրներն են միջազգային կազմակերպությունների միջոցները (օրինակ`միջազգային բանկերի վարկավորումը), ինչպես նաև օտարերկրյա պետությունների միջոցները: Ըստ ժամկետայնություն պետական պարտքը լինում է կարճաժամկետ (մինչև 1տարի), միջնաժամկետ (1-5տարի) և երկարաժամկետ (5 և ավելի տարով):Այս տարվա դեֆիցիտի ֆինանսավորման համար Համաշխարհային բանկից Հայաստանին կտրամադրվի շուրջ 260.1մլն ԱՄՆ դոլարի համարժեք վարկ, տարեկան 1.2% տոկոսադրույքով:2014թվականի ընթացքում մարվելիք պետական պարտքը կազմում է 63,385,898.6մլրդ դրամ, որից ներքին պարտքը կազմում է 87,367,478.1հազ.դրամ, իսկ արտաքին պարտքը`23,167,101.9 հազ. դրամ:  
Ամփոփելով պետք է նկատել, որ յուրաքանչյուր երկրի պետական բյուջե արտացոլում է պետության տնտեսությունը, կարելի է ասել, որ այն  տնտեսության հայելին է: Եթե ընդհանրական գնահատական տանք պետական բյուջեին և նրա  կառուցվածքին, ապա պետք է արձանագրել, որ այն կարծես թե ուղղված է կենցաղային տարրական խնդիրների լուծմանը, և չկան ապագային միտված ծրագրեր և դրանց իրականացմանն ուղղված միջոցներ: Իմ կարծիքով դա պայմանավորված է ՀՀ տնտեսությունում տիրող ոչ շուկայական հարաբերություններով՝մենաշնորհներ, արտոնյալ ներկրողներ և արտահանողներ, կոռուպցիա և այլն (շարքը կարելի է երկար շարունակել...):  Հայաստանի տնտեսությունը չի կարող դառնալ զարգացած տնտեսություն ունեցող երկիր, քանի դեռ Հայաստանում չկան ազատ մրցակցային հարաբերություններ: 

Օգտակար կայքեր`


Комментариев нет:

Отправить комментарий