4.03.2014

Փողը և դրա ֆունկցիաները:

                                      Մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկը հանդիսանում է փողը: Ինչպես արդեն գիտենք, փողը շատ կարևոր դեր ունի մարդկային հասարակության զարգացման գործում: Փողը լայն հասկացություն է, այս պատճառով էլ տարբեր տնտեսագետներ տվել են տարբեր սահմանումներ, սակայն փողը հնարավոր չէ մեկ սահմանումով ամբողջովին բնորոշել: Փողն առաջացել է ապրանքային արտադրության, փոխանակային հարաբերությունների և արժեձևերի պարզ կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների զարգացման արդյունքում: Բոլոր քաղաքակրթություններում ապրանքն իրացվում է փողով, իսկ ստացված գումարով գնվում է մեկ այլ ապրանք, որն անհրաժեշտ է արտադրության կազմակերպման կամ անձնական սպառման համար:

Փողի էությունը: Սկզբունքորեն փող կարող է լինել վաճառողների կողմից ապրանքերի և ծառայությունների դիմաց ընդունվող ցանկացած իր: Այնուամենայնիվ, փողին ներկայացվում են մի շարք պահանջներ, որոնց սկզբնական շրջանում բավարարում էր ոսկին, իսկ այնուհետև թղթադրամները: Փողին ներկայացվող պահանջները հետևյալն են՝
1.      Փողի արժեքը պետք է կանխատեսելի ժամանակահատվածում լինի կայուն, այլապես անհնար կլինի հաշվարկներ կատարել և որոշումներ ընդունել:
2.      Փողը պետք է լինի հարմար, որպեսզի հեշտությամբ պահվի դրա կարիքն ունեցողի մոտ:
3.      Փողը պետք է լինի ամուր, այլապես դրա օգտագործման և պահպանման ժամանակ կառաջանան մեծ դժվարություններ:
4.      Հավասար արժեք ունեցող դրամական նիշերը պետք է լինեն համասեռ (օրինակ՝ ոսկե դրամները պետք է լինեն միևնույն հարգի, այլապես նույն անվանական արժեք ունեցող մետաղադրամները կունենան տարբեր գնողունակություն):
5.      Փողը պետք է անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բաժանել մասերի:
6.      Փողը պետք է հեշտ ճանաչվի ըստ գույնի, չափերի, հատուկ պոլիգրաֆիական հատկանիշների և արժեքի:
7.      Փողը պետք է լինի եզակի, այսինքն՝ հնարավոր չլինի կեղծել, քանի որ այդ դեպքում յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է բացել իր սեփական դրամահատման գործը:
Փողի էությունը բնութագրվում է այն մասնակցությամբ, որ նա ունի՝
1.      տարբեր ձևի հասարակական հարաբերությունների իրականացման մեջ. փողի էությունը չի կարող լինել անփոփոխ.այն պետք է արտացոլի տնտեսական հարաբերությունների զարգացումը և հենց իրենց՝ փողերի փո- փոխությունը:
2.      ՀԱԱ-ի բաշխման գործընթացում,
3.      գների որոշման մեջ, որոնք արտահայտում են ապրանքների արժեքը:
Փողը բնորոշվում է բարձր լիկվիդայնությամբ: Լիկվիդային համարվում է յուրաքանչյուր ապրանք, որը կարող է օգտագործվել որպես վճարման միջոց կամ հեշտորեն վերածվել վճարման միջոցի և ունի ֆիքսված նոմինալ արժեք: Փողն օժտված է լիակատար լիկվիդայնությամբ, այսինքն՝ փոխանակման բացարձակ և իրացվելի միջոց է:
Փողի ֆունկցիաները: Փողի էությունը ավելի վառ ձևով դրսևորվում է նրա կատարած ֆունկցիաների միջոցով:
Փողը կատարում է հետևյալ ֆունկցիաները՝
1.      արժեքի չափման ֆունկցիա
2.      շրջանառության միջոցի ֆունկցիա
3.      կուտակման և գանձագոյացման ֆունկցիա
4.      վճարման միջոցի ֆունկցիա
5.      համաշխարհային փողի ֆունկցիա:
Փողի արժեքի չափման ֆունկցիայի էությունը կայանում է նրանում, որ դրա միջոցով հնարավոր է դառնում չափել մյուս ապրանքների արժեքները: Փողի այս գործառույթը կարևորագույն դեր է խաղում ամբողջ հասարակական տնտեսության կազմակերպման և գուծունեության մեջ, քանի որ միասնական չափի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում չափակցելու և քանակապես համեմատելու տարբեր ապրանքների և ծառայությունների հարաբերական արժեքները, ճիշտ այնպես, ինչպես հեռավորությունը չափում ենք կիլոմետրերով կամ զանգվածը՝ կիլոգրամներով:
Փողի շրջանառության միջոցի ֆունկցիան ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ ապրանքափոխանակությունը անմիջական ձևից անցնում է միջնորդավորված ձևին: Ընդ որում, եթե արժեքի չափման ֆունկցիայի դեպքում փողի առկայությունը պարտադիր չէր, ապա այս ֆունկցիան առանց փողի հնարավոր չէ իրականացնելԱյս ֆունկցիան կատարվում է իրական փողերի միջոցով, որոնք պարտադիր չէ, որ լինեն լիարժեք փողեր: Փողի այս ֆունկցիան ապրանք արտադրողի համար հանարավորություն է ստեղծում հաղթահարել անհատական, ժամանակի և տարածքային սահմանափակումները, որոնք բնորոշ են պարզ ապրանքափոխանակությանը:
Երբ փողը ժամանակավորապես շրջանառությունից հանվում է, պայմանով, որ հետագայում այն նորից պետք է մտնի շրջանառության մեջ, ապա այս դեպքում փողը կատարում է կուտակման ֆունկցիա: Փողի կուտակման ֆունկցիան իր արտահայտությունն է գտնում բնակչության կողմից խնայողություններ կատարելու ժամանակ: Բնակչությունն իր եկամուտների մի մասը ոչ թե օգտագործում է ընթացիկ սպառման կարիքների համար, այլ կուտակում է որևէ այլ նպատակի համար:
Ապրանքի վաճառքի և փողի վճարման ակտերի բաժանման շնորհիվ փողը սկսեց կատարել մեկ այլ ֆունկցիա՝ վճարելամիջոցի ֆունկցիան: Փողի այս գործառույթը առաջացել է ՝ կապված կապիտալիստական տնտեսություններում զարգացող վարկային հարաբերությունների հետ: Գնորդը իր ցանկացած ապրանքը գնելու համար կարող է չունենալ համապատասխան կանխիկ միջոցներ: Դրա պատճառ կարող է հանդիսանալ ժամանակի և տարածության մեջ ապրանքների արտադրության և իրացման պրոցեսների անհամապատասխանությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ արդյունքն արտադրվելուց հետո անմիջապես չի իրացվում, այսինքն՝ չի վերածվում փողի, բայց նրա սեփականատերը արտադրական և անձնական կարիքների բավարարման համար պետք է կատարի գնումներ: Սա  պետք է  իրականացնել փողի միջոցով, որը տվյալ արտադրողը կարող է ունենալ միայն որոշակի ժամանակ անց:
Երբ ապրանքափոխանակությունը դուրս եկավ մի երկրի շրջանակներից և տարածվեց աշխարհի տարբեր երկրների միջև, այն սկսեց կատարել համաշխարհային փողի ֆունկցիան: Փողն այս ֆունկցիան կատարում է իր բնական ձևով՝ ոսկյա ձուլակտորների տեսքով:
Համաշխարհային փողը հանդես է գալիս 3 ձևով՝
1.      որպես վճարման միջոց
2.      որպես գնման միջոց
3.      որպես ազգային ամբողջական արդյունքի առարկայական միջոց:



Комментариев нет:

Отправить комментарий